Դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին տեղի եւ հավատարմագրված արտասահմանյան լրագրողներ:
Մամուլի ասուլիսը նվիրված էր նախարարի պաշտոնավարման 100 օրվան եւ 2012 թվականի արդյունքներին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միրզոյանը որպես անցնող տարվա կարեւորագույն քաղաքական իրադարձություն նշեց հուլիսին կայացած նախագահական ընտրությունները, որոնք, նրա խոսքերով, դարձել են պետականաշինության գործընթացի կարեւոր փուլ եւ հանրապետության հետեւողական ժողովրդավարական զարգացման հավաստում, ինչը նշվել է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ` նախարարն ափսոսանքով արձանագրեց լուրջ առաջընթացի բացակայությունը, որի գլխավոր պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչը գործնականում բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը նշեց դավադիր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու եւ հերոսացնելու փաստը:
Նախարարը ղարաբաղյան դիվանագիտության գլխավոր խնդիր անվանեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով եւ ԼՂՀ միջազգային ճանաչումը:
Կարեն Միրզոյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման արդի փուլին եւ նրա վրա գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների ազդեցությանը, արտերկորւմ ԼՂՀ ներկայացուցչությունների գործունեությանը, զանազան մարդասիրական հարցերի, որոնք ծագել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով: Կարեն Միրզոյանը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում առկա բոլոր հարցերը պահանջում են համալիր, փաթեթային լուծում:
Հանդիպման ավարտին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց ԶԼՄ-ների հետ մշտական համագործակցության կարեւորությունը:





























