Ռուսաստանը հաստատակամ հասկացրել է, որ այս տարի Կիեւը կանգնած է դժվար ընտրության առաջ` կամ եվրոպական ինտեգրում, կամ էժան գազ: «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում ՌԴ ԱԳՆ հետ հմագործակցող տնտեսական քարտուղարության տնօրեն Ալեքսանդր Գորբանը հայտարարել է, որ Ռուսաստանը չի բավարարի Ուկրաինայի այն պահանջն, որ իրեն էլ գազը վաճառվի այն գնով`ինչ Բելառուսին: «Ինչի՞ համար»,- հարցադրել է Գորբանը:

«Ռուսաստանն ու Բելառուսիան Մաքսային միության անդամներ են, մենք ձգտում ենք միացյալ տնտեսական միության»,- պարզաբանել է դիվանագետը: Իսկ եթե Ուկրաինան ցանկանում է գազը ստանալ զեղչով, ապա նա եւս պետք է ընգրկվի ՄՄ կազմ, հստակեցրել է նա: « Բայց Ուկրաինան ցանկանում է միաժամանակ պահպանել երկու  վեկտորները. Եւ մտնել Եվրամիության կազմի մեջ, որտեղ նրան առանձնապես չեն սպասում, եւ լինել Մաքսային միության կազմում, բայց միայն այն պարամետրերով, որոնք շահութաբեր են նրա համար»,- լուսաբանել է Գորբանը: «Բայց այդպես չի լինում: Չի կարելի մի քիչ հղի լինել»,- ոչ այդքան դիվանագիտական լեզվով պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ինչպես նշում է NEWSru.com-ը, անցած տարի Ուկրաինայում ռուսական գազի հազար կուբամետրը կազմել է 424 դոլար: Իսկ Բելառուսիան` մտնելով Մաքսային միության մեջ, հազար կուբամետր գազի համար վճարել է ընդհամենը 185 դոլար:

Անցյալ տարվա վերջին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Մաքսային միության որոշ առաջարկներ: Մոտավորապես այդ ժամանակ էլ նրան զանգահարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նրանք պայմանավորվել են, որ փետրվարի վերջին կկայանա Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը, որտեղ  հնարավոր է, Ուկրաինան կպայմանավորվի ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ: Այս հեռախոսային զրույցը կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Կրեմլում կայանալիք հանդիպման նախօրեին: Իսկ հաջորդ օրը պարզ է դարձել, որ հանդիպումը չեղյալ է հայտարարվել` Ուկրաինայի նախագահը փաստաթղթերի անհրաժեշտ լրացումների պատրվակով հետաձգել է հանդիպումը։