Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինն ամենայն հավանականությամբ արդեն ծննդաբերել է, հայտնում է Ռենհապ գործակալությունը` հղում անելով հյուսիսկորեական հեռուստատեսության ռեպորտաժին: Լի Սոլ Չժուի հնարավոր հղիության մասին լուրերը տարածվել էին մի քանի ամիս առաջ: 2012թ. աշնանը նա մոտ երկու ամիս ոչ մի հանրային միջոցառման չէր մասնակցում: Դեկտեմբերին երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան տարելիցի միջոցառման ժամանակ Կիմ Չեն Ինը ներկա էր կնոջ հետ, որը ավանդական կորեական զգեստով էր եւ երեւում էր զգալիորեն կլորացած փորը: Իսկ Նոր տարվա պաշտոնական ընդունելության ժամանակ առաջնորդի կինը եկել է եվրոպական ոճի զգեստով, առանց հղիության նշանների:

Հարավկորեացի լրագրողների ենթադրությամբ, Կիմ Չեն Ինի կինն իսկապես ծննդաբերել է, քանի որ Նոր տարվա միջոցառման ժամանակ հնչել է «Երբ ծնվում է երեխան» երգը:

Ենթադրվում է, որ զույգն արդեն երկու երեխա ունի: