«Մուսավաթ» ընդդիմադիր ազգայնական կուսակցությունը հունվարի 4-ին Մեջլիսի իր նիստում որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին` առաջադրելով կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի թեկնածությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նիստում նաեւ քննարկվել է երկրի հասարակական-քաղաքական դրությունը: «Մուսավաթ» կուսակցությունը 2013 թվականը հայտարարել է  նախկին նախագահ եւ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ղեկավար «Աբուլֆազ Էլչիբեյի տարի», որը մեծ դեր է ունեցել Հայաստանի դեմ  ագրեսիայի ծավալման  գործում:   Որոշում է կայացվել նրա 75-ամյա հոբելյանին նվիրված մի շարք միջոցառումների անցկացման մասին: 

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահի ընտրությունները նշանակված են  հոկտեմբերին: Ալիեւյան գերդաստանը բոլոր նախապայմաններն ստեղծել է ավտորիտար վարչակարգի վերարտադրման համար. Սահմանադրությունից հանվել է  միեւնույն անձի համար նախագահական եռանգամյա ժամկետի արգելքը, ընդդիմությունն ամբողջովին զրկվել է ռադիոն եւ հեռուստատեսությունն օգտագործելու իրավունքից: