Աբովյանի ծննդատանը փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը ավարտվել է, առկա է դատական վճիռ: Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկանում է, որ  արագացված դատաքննությամբ քննելով գործը դատարանը 2012թ դեկտեմբերի 27-ին կայացրել է վճիռ, ըստ որի` գործով ամբաստանյալ, «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով եւ նշանակվել է պատիժ` ազատազրկման 2 տարի ժամկետով, առանց բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկման: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել ամբաստանյալ Վլադիմիր Մյագկովի կատարած հանցանքի բնույթը, հանրորեն վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, նախկինում դատված չլինելը, ըստ իր հայտարարության` ֆիզիկապես վատառողջ է, իր աշխատանքային գործունեության ընթացքում բնութագրվել է դրականորեն եւ միայն իր մասնագիտությամբ կարող է հոգալ իր ընտանիքի կարիքները եւ այլ հանգամանքներ:

Նշենք, որ վերոնշյալ  հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել: Եւ եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Վլադիմիր Մյագկովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝  «կալանավորումը« անփոփոխ է մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում: Քաղհայցի հարցը քննելիս դատարանը որոշել է, որ այդ հարցը պետք է համարել լուծված, քանի որ տուժողի իրավահաջորդի կողմից քաղհայցի պահանջ չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ այս քրեական գործը հարուցվել է 2012թ փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի կողմից: Նախաքննության մարմնի կողմից Վլադիմիր Մյագկովը ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել եւ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է հետեւյալը. 

«Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ-ի բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում հղի Ֆլորա Աբգարյանին «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցուբերած բուժօգնության ժամանակ, նրա կողմից սխալ է գնահատվել դժվար ինտուբացիայի պոտենցիալ հնարավորությունը: Դա ունեցել է դժբախտ հետեւանք, շնչափողի ինտուբացիայի չհաջողված երեք անգամյա փորձերը հանգեցրել են ծանրագույն հիպոքսիկ բարդությունների եւ սուր պրոգրեսիվող սիրտ- անոթային ու շնչական անբավարարության զարգացմանը: Մինչդեռ բժիշկը պետք է ինտուբացիայի երկրորդ չհաջողված փորձից հետո դադարեցներ հետագա փորձերը, «շնչացներ» հիվանդին մինչեւ ինքնուրյուն շնչառության վերականգումը եւ սպասեր այլ մասնագետի օգնությանը:  Բայց ինտուբացիոն փորձերի հետեւանքով Ֆ.Աբգարյանին պատճառված լեզվարմատի եւ վերին շնչական ուղիների տրավմատիկ վնասվածքները խորացրել են արդեն զարգացած շնչական եւ սիրտ-անոթային խանգարումները, սուր շնչական անբավարարությունը` հղիի մոտ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն, ինչը պատճառ է հանդիսացել հղիի եւ պտղի մահվանը: Ամբաստանյալ Վլադիմիր Մյագկովը, նախագահող դատավորի կողմից տրված հարցերին ի պատասխան, հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ է, համաձայն է դրա հետ, զղջում է կատարվածի համար, պնդում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը:

Տուժողի իրավահաջորդ Լուսիկ Աբգարյանը նշել է, որ չի առարկում արագացված դատաքննություն իրականացնելու դեմ, քաղհայցի պահանջ չի ներկայացնում եւ խնդրել է դատարանին` դատական նիստն անցկացնել իր բացակայության պայմաններում: