Ջավախքում հայ բնակչության խնդիրները բարձրացվել են հունվարի 26-ին Երեւանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Այդ մասին նախօրեին՝ փետրվարի 3-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում:

Վարչապետի խոսքով, հարցերը բարձրացվել են ոչ միայն հայկական կողմի նախաձեռնությամբ, «մեր վրացի գործընկերները եւս այդ խնդիրների լուծման ուղիներ են փնտրում»:

Ինչպես նշել է Սարգսյանը՝ բավական բաց երկխոսությունը, որ ընթանում է կողմերի միջեւ, թույլ է տալիս հետեւողականորեն լուծել առկա խնդիրները:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ բանակցությունների արդյունքն ակնհայտ է լինելու:

Ձեռք բերված պայմանավորվածությունների թվում վարչապետը նշել է Վրաստանում հայկական եկեղեցիների վերականգնումը, Ջավախքում հայերենի ուսուցիչների պայմանների բարելավումը եւ այլն: