Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի ՊՆ ռազմական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ծառայողական դիրքի չարաշահման փաստեր է բացահայտել, ըստ որի նրանք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց «գաղտնի ցանց» են ստեղծել:
Քննությունը պարզել է, որ ռազմական ոստիկանության դեպարտամենտի նախկին ղեկավար Լեգիսա Կարդավայի հանձնարարությամբ, դեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցները տեղեկատվություն են հավաքել նույնասեռականների մասին, նրանց վարկաբեկող տեսաձայնագրություններ են իրականացրել եւ շանտաժի միջոցով ստիպել են համագործակցել հատուկ ծառայությունների հետ:

Դատախազության կողմից քննվող գործը վերաբերում է 2012-ի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Դատախազության տվյալներով՝ հավաքագրված «գործակալները» կապի մեջ են մտել հասարակությանը հայտնի տարբեր անձանց հետ եւ տարել նրանց հատուկ, տեսաձայնագրման սարքերով հագեցած բնակարաններ: Զոհերը սկանդալից խուսափելու համար համաձայնել են «չեզոք վերաբերմունք դրսեւորել այն ժամանակ իշխող քաղաքական ռեժիմի նկատմամբ եւ մասնակցել տարբեր միջոցառումների»:
Այս փուլում դատախազության ձեռքի տակ կան մի քանի այդպիսի ապօրինի կատարված տեսագրություններ: Հեռուստատեսությամբ ցուցադրվել է տեսանյութրի մի մասը, սակայն դրանցում մասնակիցների անունները չեն հաղորդվում: Դատախազությունը նույնիսկ հայտարարել է, որ արդեն այդ գործով ձերբակալել է ռազմական ոստիկանության երեք բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն դատավորը նրանց համար խափանման միջոց է ընտրել 20 հազար լարի գրավի դիմաց ազատ արձակումը: