Հայկական լրատվամիջոցները 2012թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում առավել ուշադիր հետեւում էին քաղաքական այն ուժերին եւ գործիչներին, որոնք չընդգրկվեցին նախագահի պաշտոնի համար մրցապայքարում: Այդ մասին այսօր՝ հունվարի 16-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ ի մի բերելով հեռարձակվող լրատվամիջոցներում նախագահական ընտրությունների լուսաբանման միջանկյալ դիտարկման արդյունքները:
Ըստ նրա՝ 2012թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայկական լրատվամիջոցների ուշադրության 60%-ը սեւեռված էր քաղաքական այն ուժերի վրա, որոնք հետո հրաժարվեցին նախագահական մրցապայքարին մասնակցելուց: Խոսքը հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է: Մնացած 40 տոկոսը բաշխվել է մրցապայքարին մասնակից թեկնածուների միջեւ:
Նավասարդյանը նշել է, որ քաղաքագետ, «Ռադիո հայ»-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանի՝ որպես նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդի անունը մինչեւ դեկտեմբերի 25-ն ընդհանրապես չէր հիշատակվում լրատվամիջոցներում, ինչն առաջին հերթին այդ շրջանում նրա պասիվությամբ էր պայմանավորված:
Դիտարկման արդյունքով՝ նշված ժամկետում բոլոր հնարավոր թեկնածուներին առավել ուշադրություն է հատկացրել «Արմնյուզ» հեռուստաալիքը, այնուհետեւ Հայաստանի հանրային ռադիոն, «Արմռադիոն», «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները: Նվազագույն ակտիվություն է ցուցաբերել «Շանթ» հեռուստաալիքի քաղաքական բաժինը: «Լրատվամիջոցներում որպես հնարավոր թեկնածու առավել հաճախ հիշատակվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները»:
Դիտարկվել են հանրային վեց հեռուստաալիքներ՝ Հանրային հեռուստատեսությունը, Հայկական երկրորդ, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ «Արմնյուզ» հեռուստաալիքները, նաեւ՝ Հայաստանի հանրային ռադիոն եւ «Արմռադիո FM107»-ը:
Դիտարկումն անցկացվել է «Աջակցություն Հայաստանում երկու ընտրափուլերին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ:




























