Սրտանոթային հիվանդությունների համար խոցելի խումբը հիմնականում համարվում են տղամարդիկ, բայց վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց եւ տղամարդկանց միջեւ էական տարբերություններ չկան։ Այս մասին հունվարի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սրտաբան Տիգրան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունները հիմնականում նկատվում են 40 տարեկան հասակում, իսկ կանանց մոտ 50 տարեկանից հետո։ «Արական սեռը դա հենց ռիսկի գործոն է։ Գոյություն ունեն այդ ռիսկի վրա ազդող անփոփոխ եւ փոփոխական գործոններ։ Անփոփոխ գործոն է հանդիսանում ժառանգությունն, իսկ փոփոխական գործոններն են նստվածքային կենսակերպը, ծխելը, անկանոն սնվելը եւ տարբեր վնասակար սովորույթներ»,- նշել է Տիգրան Պողոսյանը։ Նա նաեւ ավելացրել է, որ համաձայն Կանադայի Տորոնտո քաղաքում կատարված հետազոտության, օրական 20 գրամ ալկոհոլի օգտագործումը դրական է ազդում մարդու առողջության վրա։ «Ալկոհոլ ասելով ի նկատի ունեն չոր կարմիր գինի, քանի որ օգտակար են համարավում այն ամենը ինչ իր մեջ պարունակում է խաղողի «մաշկը»,- ընդգծել է սրտաբանը։





























