Թուրքիան անում է ամեն բան՝ սիրիահայերին մարդասիրական օգնությունների փոխանցումը հեշտացնելու ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելջուկ Ունալը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի ավանդությունների մեջ մտնում է «նեղության մեջ գտնվող մարդկանց ձեռք մեկնելն առանց հաշվի առնելու կրոնական, լեզվական, ռասայական եւ էթնիկ պատկանելիությունը», հաղորդել է Անատոլական թուրքական պետական տեղեկատվական գործակալությունը։
Մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներով երկու հայկական ինքնաթիռ ժամանել են Հալեպ անցյալ տարվա հոկտեմբերին եւ նոյեմբերին։ Երկու անգամ էլ ինքնաթիռներն էրզրումում բեռների ստուգման համար վայրէջք են կատարել։ Առաջին անգամ «AIR Armenia» հայկական ինքնաթիռի վայրէջքն Էրզրումի օդանավակայանում ուղեկցվել է իրարանցմամբ: Թուրքական լրատվամիջոցները շտապել են հայտարարել ողջ աշխարհին, թե «հայկական օդանավը ստիպված էր վայրէջք կատարել», այնինչ վայրէջքը նախապես ծրագրված էր։





























