Հայ ազգային կոնգրեսի անդամ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի չի սատարելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջնորդ Գառնիկ Մարգարյանը` հավելելով, որ այդ որոշումը իրենք կայացրել են շատ ավելի վաղ, մինչեւ ՀԱԿ-ի որոշումը: Հարցին, թե ինչու ձեր գործընկեր, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին չեք սատարում կամ հնարավո՞ր է սատարեք, նա պատասխանեց. «Մեր որոշումը փոփոխության ենթակա չէ: այդ մասին ունեցել ենք գնահատականներ: Այս ռեժիմի պարագայում, փաստորեն, ՀԱԿ-ը թուլացավ, լիդերը հրաժարվեց, ընդդիմություն չկա, այս իրավիճակում որեւէ մեկին պաշտպանելը աբսուրդ է, իշխանությունը փաստորեն վերարտադրվում է»:

Գառնիկ Մարգարյանը նշեց, որ մեկ տարի է` իրենք ՀԱԿ քաղխորհրդի նիստերին չեն մասնակցում, որովհետեւ իրենց դրված պահանջները  լուծում չեն ստացել: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավարի խոսքով` ՀԱԿ-ը փաստորեն իրավաբանական փաստաթղթի շուրջ իրեն սպառել է, խոսքը այն ստորագրված փաստաթղթի մասին էր, որտեղ նշվում էր արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին: Իսկ թե ինչու չեն դադարեցնում իրենց հարաբերությունները ՀԱԿ-ի հետ, նա նշեց, որ դեռ ժամանակը չէ:  «Ժամանակը կգա, կասենք, Կոնգրեսը քմահաճույքի խաղալիք չէ, հզոր քաղաքական ուժ է, որը ստեղծվել էր, եւ թույլ տար, որ այդպես փլուզվի, դրա կողմնակիցը չենք, կգա պահը, կասենք մեր ասելիքը»,- ասաց նա:

Խոսելով Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության` ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքի, մասնավորապես` լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` Լեւոն Զուրաբյանից ազատվելու մասին` նա նշեց, որ  «միայն Լեւոն Զուրաբյանը չէ ճգնաժամի չարիքը. այլ ֆունդամենտալ հարցեր կան»: «Միայն Լեւոն Զուրաբյանին փոխելով` Կոնգրեսը չի սկսի գործել որպես նորմալ ընդդիմադիր ուժ, այնտեղ բազմաթիվ ;լրջագույն հարցեր կան` տնտեսության, կրթության եւ գիտության ծրագրի վերաբերյալ»,- ասաց նա: