Թուրքիայի խորհրդարանում ներկայացված միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրը հայտարարությամբ է հանդես եկել։
Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությաննախագահ Սելահաթին Դեմիրթաշը, Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցին արած հայտարարության մեջ նշել է, թե Դինքին սպանելով՝ կրակեցին ժողովրդավարության եւ խաղաղության վրա, նրան թիրախ ընտրելով՝ թիրախ էին դարձրել ժողովուրդների եղբայրությունը, սակայն նրանք հաջողության չկարողացան հասնել։
«Սիրելի Հրանտը՝ ժողովուրդների եղբայրության, միմյանց հետ խաղաղության մեջ ապրելու կարեւոր խորհրդանիշ էր։ Դատապարտվեց 301-րդ հոդվածով, դարձավ մութ ուժերի թիրախը եւ զոհ գնաց «Կամ սիրիր, կամ հեռացիր» ատելության մտածելակերպին»,-նշել է Դեմիրթաշը՝ շեշտելով, թե Հրանտին կոտորեցին պետության լուռ հայացքի ներքո։





























