«Բանակի ներգրավումը 2008թ. մարտի հայաստանյան իրադարձություններին»: ՆՄան անվանումով բանաձեւ է տեղադրվել ԵԽԽՎ պաշտոնական կայքում փետրվարի 4-ին: Այդ սկանդալային եւ կոշտ փաստաթուղթը, որ ստորագրվել է ԵԽԽՎ 20 պատվիրակների կողմից, ներկայացրել է ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլանը: NEWS.am-ը ներկայացնում է փաստաթղթի նախագծի ամբողջական տեքստը.
«1. Հղում կատարելով Հայաստանի վերաբերյալ իր նախորդ բանաձեւերին, մասնավորապես 1609 բանաձեւին (2008թ.), որը հատկապես պարունակում է „2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի քննություն“ անցկացնելու պահանջը,
2. Բավարարված չլինելով ՀՀ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի „Մարտի 1-ի իրադարձությունների մասին“ զեկույցով, որն իր էությամբ կողմնակալ է եւ խուսափում է ՀՀ իշխանություններին քննադատելուց,
3. Մտահոգված լինելով 2008թ-ի մարտի իրադարձություններում ՀՀ բանակի միջամտությանը վերաբերող զեկույցներով, ինչը խախտում է ՀՀ Սահմանադրությունը եւ ոտնահարում է ներպետական քաղաքական խնդիրներում բանակի չեզոքության մասին միջազգայնորեն ընդունված սկզբունքը.
4. Վրդովված լինելով վերջերս բացահայտված եւ հրապարակված թիվ 0038 գաղտնի հրամանով, որն արձակել է այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. փետրվարի 23-ին եւ որն ապացուցում է, որ ՀՀ բանակի ստորաբաժանումները պաշտոնական հրամաններ են ստացել մինչեւ մարտի 1-ը Երեւանում հավաքվելու եւ տեղակայվելու մասին,
5. Հաշվի առնելով, որ ներքին քաղաքական հարցերում բանակի օգտագործումը` ուղեկցված քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների լայնածավալ բռնություններով, քաղաքական ընդդիմության հետապնդումներով, հստակորեն պարունակում է պետական հեղաշրջման տարրեր,
6. Հաշվի առնելով 2008թ. մարտի իրադարձություններում բանակի ներգրավումը կոծկելու ՀՀ իշխանությունների անընդունելի փորձերը, Վեհաժողովը պնդում է, որ ՀՀ իշխանություններն անհապաղ ձեռնարկեն հետեւյալ գործողությունները.
- բացահայտել 2008թ. մարտի իրադարձություններում բանակի ներգրավման մասին ամբողջ տեղեկատվությունը,
- թափանցիկ հետաքննություն անցկացնել հետընտրական իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ,
- անհատական պատասխանատվության ենթարկել այս իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին:
7. Վեհաժողովը քաջալերում է ԵԽԽՎ անդամ պետություններին` ճնշում գործադրել Հայկական իշխանությունների վրա` այս հետաքննությունն անցկացնելու համար:
8. Վեհաժողովը խորհուրդ է տալիս Մոնիտորինգային հանձնաժողովին` անհապաղ կերպով քննել այս խնդիրը եւ քննության արդյունքներն ընդգրկել իր հաջորդ զեկույցում»:




























