Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված եւ դրա հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ գիշերը վիճակի վատթարացում չի եղել, հիվանդը նորմալ քնել է: Այսօր եւս նրա վիճակը լավ է, ակտիվ քայլում, խոսում է, ջերմությունը, ճնշումը նորմալ է: Գագիկ Մանուկյանի փոխանցմամբ` Հայրիկյանի առողջական վիճակը համապատասխանում է վիրահատության տարած ծավալին եւ երրորդ օրվան: Փոխտնօրենը նաեւ տեղեկացրեց, որ վաղը դրենաժը կհեռացվի, եւ Պարույր Հայրիկյանը Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի մեկ այլ բաժանմունք, առայժմ հայտնի չէ, թե որ: 2-3 օր էլ բաժանմունքում մնալուց եւ վերականգնվելուց հետո հնարավոր է` նա դուրս գրվի հիվանդանոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























