Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` փետրվարի 4-ին, մասնակցել է ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ:

Երկրի ղեկավարի գնահատականով` հաշվետու ժամանակահատվածում հանրապետության ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր:

Միեւնույն ժամանակ, ըստ նախագահի, ոստիկանության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար դեռեւս կան շատ անելիքներ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում առկա ներուժը եւ արձանագրված դրական արդյունքները հիմք են տալիս ակնկալել, որ ոստիկանությունը կարող է հաջողությամբ իրականացնել իր գործառույթները` հավելելով, որ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: