ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանի համար միեւնույն է` նոր ընտրությունները կնշանակվե՞ն, դրանք կհետաձգվեն 15 օրո՞վ, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Մելիքյանը` շեշտելով, որ «տարբերություն չկա»:
Անդրադառնալով նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի`Պարույր Հայրիկյանին ուղղված կոչին` նոր ընտրություններ նշանակելու պահանջով ՍԴ դիմելու վերաբերյալ, նախագահի թեկնածուն ասաց հետեւյալը. «Քանի որ ես ի սկզբանե հրաժարվել եմ դատական ատյանների հետ որեւէ գործ ունենալուց, ընտրական գործընթացի հետ կապված չեմ մեկնաբանի իրենց հարաբերությունները, մեկը դիմել է, մյուսն էլ թող պատասխանի: Այդ առումով դատական ատյանների հետ առնչվող որեւէ գործողություն իմ հետաքրքրության շրջանակներից դուրս է»,-ասաց նա:
Արման Մելիքյանը չցանկացավ որեւէ կանխատեսում անել` Պարույր Հայրիկյանը կդիմի ՍԴ, թե` ոչ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում պետք է կայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնակցում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նախընտրական քարոզարշավը մեկնարկելէ հունվարի 21-ին:
Նշենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել էին: Վաղը Պարույր Հայրիկյանը կհայտարարի` դիմում է ՍԴ` ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով, թե ոչ: Նա մինաշանակ բացառել է նոր ընտրություններ նշանակելու կարգը:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով:Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:a





























