Ադրբեջանական ընդդիմադիրներին` REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին եւ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուին մեղադրել են Իսմայիլում հունվարի 23-24-ին անկարգություններ հրահրելու մեջ: Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը, Մամեդովի դեմ պաշտոնական մեղադրանք է ներկայացրել: Այս մասին Turan-ին հաղորդել է փաստաբան Ֆուադ Աղաեւը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը դեռ չի մեկնաբանել այդ փաստը:
Նա, մասնավորապես, մեղադրվել է Ադրբեջանի ՔՕ 233-րդ հոդվածով (հասարակական կարգը խախտող գործողությունների կազմակերպում կամ դրանցում մասնակցություն ունենալ):
Իր հերթին Յաղուբլուի փաստաբան Նեյմաթ Քերիմին հաղորդել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության` ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը, Նասիմինի տարածաշրջանային դատարանին հայտնել է` Յագուբլուին երկու ամսով ձերբակալելու մասին: Յագուբլուի մեղավորությունն ապացուցելու դեպքում` նրան սպառնում է մինչեւ 3 տարի ազատազրկում:
Ավելի վաղ ավտովթար կատարելու համար 4 տարի ազատազրկման է դատապարտվել Թ. Յաղուբլուի ավագ դուստրը` «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստուհի Նիգյար Յաղուբլուն:
Ըստ contact.az-ի, ավելի վաղ, Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ դատախազությունը հայտարարել են, որ Իլգար Մամեդովը եւ «Մուսավաթ» կուսակցության փոխնախարար Թոֆիկ Յագուբլուն Իսմայիլ են ժամանել հունվարի 23 –ի` լույս 24-ի գիշերը եւ հասարակությանը հրահրել են անկարգությունների:
Երկու ընդդիմադիրներն էլ ժխտել են այդ մեղադրանքները` դրանք հորինված անվանելով: Իրենց Իսմայիլ ժամանելը նրանք բացատրել են տեղում իրադարձությունների հետ ծանոթանալու ցանկությամբ:Այսօր առավոտվանից Մամեդովն ու Յագուբլուն դատախազություն են կանչվել` հարցաքննության:





























