Մենք պետք է սովորենք հարգել մեր արժեքները: Ես եւ իմ թիմը երաշխավորում ենք, որ բիզնեսներ չենք բացի, չեն հարստանա ձեր հաշվին: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արտաշատի ընտրողների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ինձ հարցնում են` կարող եմ ես պաշտպանել ընտրողների քվեն, եւ ես վստահ ասում եմ` այո, ես կարող եմ անել դա, բայց ոչ մենակ, դուք պետք է օգնեք ինձ: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք սեփական վախերը հաղթահարելու համար եւ թույլ չտալու, որ հայ երիտասարդները հեռանան երկրից: Ես խոստանում եմ վերացնել բոլոր «ատկատները», գիտության, կրթության եւ առողջապահության ծախսերն ավելանալու են 50 տոկոսով:

Նախագահության առաջին տարում թոշակները կավելանան 50 տոկոսով, 5 տարուց մենք կունենանք 180 հազար աշխատատեղ, 150 հազար ընտանիքներ կամ 600 հազար մարդ դուրս կգան աղքատությունից: Դա նվազագույնն է, որ ես խոստանում եմ: Արտաշատ քաղաքը որեւէ մեկի սեփականությունը չէ, չպետք է մոռանալ, որ մենք բոլորս միասնական ենք»,- ասել է նախագահի թեկնածուն: