Թունիսի Սիդի Բուզիդե քաղաքում ընդդիմադիր «Միավորված հայրենասեր ժողովրդավարների կուսակցության» առաջնորդ Չոքրի Բելաիդի սպանության հետ կապված բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների: Շուրջ 200 ցուցարարներ հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրա: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Տարերային բողոքի ակցիաներ են տեղի ունենում Թունիսի շատ  քաղաքներում: Սֆաքսում, Քասրինում, Կեֆում, Բեժում եւ Բիզերթում ժողովուրդը դուրս է եկել փողոցներ:

Ցուցարարները հարձակվել են Թունիսում իշխող իսլամիստական «Ան Նահդա» (Վերածնունդ) կուսակցության տեղական գրասենյակների վրա: Մի քանի հազար մարդ ցույցի է ելել երկրի մայրաքաղաքում` ՆԳՆ շենքի դիմաց: Ցուցարարները երգում են ազգային հիմներգը եւ իշխող կուսակցության դեմ կարգախոսներ հնչեցնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թունիսում սպանվել է ընդդիմության առանցքային գործիչներից մեկը` Չոքրի Բելաիդը: Նա գնդակահարվել է փետրվարի 6-ին, իր տան մոտ: Գնդակներից մեկը դիպել է պարանոցին, մյուսը` գլխին: Ընդդիմադիր գործչին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ինչպես հայտնում է France 24 հեռուստաալիքը, Բելաիդը Թունիսի ձախակողմյան Դեմոկրատական հայրենասիրական կուսակցության գլխավոր քարտուղարն էր: Կուսակցությունն անդամակցում է «ժողովրդական ճակատ» քաղաքական կոալիցիային: Ոստիկանությունը դեռ չի պարզել Բելաիդի սպանության դրդապատճառները, մարդասպանի ինքնությունը եւս հայտնի չէ:

Ընդդիմության ավելի քան հազար ներկայացուցիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի Թունիսի ՆԳՆ-ի մոտ: Փետրվարի 2-ին Բելաիդը կառավարող «Ան Նահդա» (Վերածնունդ) կուսակցությանը մեղադրել է իրենց կուսակցության անդամների վրա հարձակումների մեջ: