Հայաստանի կառավարությունը քննարկում է սրտի անվճար անհապաղ վիրահատությունների անցկացման հնարավորությունը: Այդ մասին, այսօր`  փետրվարի 12-ին, Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ներկայումս հաշվարկներ են իրականացվում եւ լուծվում են երկու կարեւորագույն խնդիրներ: Առաջինը վերաբերում է նրան, որ պետությունն իր խոստումը կատարելու համար կարող է ապահովել էժան դեղամիջոցների օգտագործումը, բայց դա չի զրկում ավելի ունեւորներին` օգտվել թանկ դեղամիջոցներից: Երկրորդ հարցը` ինչպես ապահովել, որ անհապաղ վիրահատություններ չարվեն նրանց, ովքեր դրա կարիքը չունեն միայն այն պատճառով, որ անվճար են:

«Այո, նման քայլեր իրենց կարող են թույլ տալ հարուստ երկրները: Բայց եթե մարդը վիրահատության միջոցներ չունի, ի՞նչ է, պետք է մահանա՞: Պետք է կրճատել այլ ծախսերը եւ միջոցներն ուղղել տվյալ նպատակներին»,- նշել է նախագահը: