Փետրվարի 13-16-ին, պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտի հայաստանյան 7 ձեռնարկություններ՝ օրգանական սննդամթերք սերտիֆիկացնող «ԷկոԳլոբ» ընկերության գլխավորությամբ, կմասնակցեն օրգանական ապրանքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսին՝ BioFach 2013-ին, որը կազմակերպվում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից տրամադրված աջակցության եւ վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը եւ օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը:

«Ի-Դի-Էմ-Սի»-ի տեղական գործընկեր «ԷկոԳլոբ»-ի հետ միասին՝ «ԱԲԴԱ» ընկերությունը, «ԱՍՎԱ-ՌԱՖ»-ը, «Բիզոն - 1»-ը, Երեւանի գարեջրի գործարանը, «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ»-ը,  «Նեկտար-Բոնուս»-ը եւ «Սիս Նատուրալ»-ը կներկայացնեն Հայաստանի օրգանական բրենդն ու օրգանական ապրանքները, որոնց թվում՝ հյութեր, խոտաբույսերի թեյեր եւ բնական յուղեր: Ընկերությունները հնարավորություն կունենան ծանոթանալու եւ կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ, դիտարկելու եւ հետազոտելու շուկան՝ միաժամանակ դիրքավորվելով մրցակցության համար: «BioFach-ը ոչ միայն ընկերությունների վարկանիշը բարձրացնելու հնարավորություն է, այլ նաեւ գիտելիքի եւ փորձի փոխանակման հարթակ, որն ամբողջ աշխարհում օրգանական արտադրության վերաբերյալ լայնածավալ տեղեկատվություն է ապահովում»,- ասում է «ԷկոԳլոբ» ընկերության տնօրեն Նունե Դարբինյանը:

Այս ոլորտում «Ի-Դի-Էմ-Սի»-ի հիմնական նպատակն է աջակցել հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ նպաստելով կառավարման եւ մարքետինգի հմտությունների բարելավմանը, սննդի որակի եւ անվտանգության բարձրացմանը, օրգանական ստանդարտներին համապատասխանելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ հնարավոր շուկաների բացահայտմանը: Անցած վեց ամիսների ընթացքում «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ՝ «ԷկոԳլոբ»-ը ցուցահանդեսի մեկնող ընկերություններում անցկացրել է աուդիտ եւ օրգանական սերտիֆիկացում:

BioFach-ը օրգանական սննդամթերք արտադրող եւ վաճառող ընկերությունների խոշորագույն մասնագիտական ցուցահանդեսն է աշխարհում: Միջոցառմանը ներկայացվում են ապրանքների լայն տեսականի՝ սկսած օրգանական սննդից, բնական գործվածքեղենից՝ մինչեւ կոսմետիկա ու մարմնի խնամքի պարագաներ: BioFach-ի մասին մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք www.biofach.de կայքը: