Վաշինգթոնը վճռականորեն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտականությունները` գրող Աքրամ Այլիսլիի եւ երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին փետրվարի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Մենք շատ ուշադիր հետեւում ենք այդ իրադարձություններին: Ինչպես մենք հասկացել ենք, այսօր «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը փոխել է իր առաջարկությունը եւ իրավապահ մարմինները պահանջել են հարցաքննել այդ մարդուն, ինչը ճիշտ քայլ է: Բնականաբար, մենք վճռականորեն աջակցում եւ հավատում ենք կարծիք արտահայտելու ազատության պահպանմանը»,- ընդգծել է նա: Հարցին, թե արդյոք ԱՄՆ դեսպանությունն այդ հարցում համագործակցո՞ւմ է Ադրբեջանի կառավարության հետ, Նուլանդը դրական պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում հրապարակված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» ստեղծագործությունն Ադրբեջանում վրդովմունք է առաջացրել: Ադրբեջանցի կեղծ հայրենասերները վրդովվել են հայերի հանդեպ ներկայացված սրտացավ վերաբերմունքից: Գրողի կինն ու որդին հեռացվել են աշխատանքից: Արդեն քննարկվում է գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը: Ավելին` Աքրամ Այլիսլիի սկանդալային գրքի շուրջ կրքերի բորբոքումը միջնադարյան բնույթ է ստացել: Իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կպարգեւատրեն նրան, ով կկտրի գրողի ականջը:




























