Կիեւի Պեչորյան դատարանում, այսօր՝ փետրվարի 14-ին, ավարտվել է Իգոր Մարյինկովի հարցաքննությունը, ով 1996-ին պատգամավոր եւ գործարար Եվգենի Շչերբանի սպանության գործով հանդես էր գալիս որպես վկա։ Այդ սպանության ֆինանսավորման մեջ կասկածվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։ Հարցաքննությունից հետո դատավորը փակել է նիստը։
Մարյինկովի հարցաքննությունն սկսվել է փետրվարի 13-ին։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա պատմել է, որ ծանոթ է եղել, այսպես կոչված, Կուշնիրի ( քրեական հեղինակություն) բանդային։ Նա նաեւ նշել է, որ անձամբ է տեսել Տիմոշենկոյին այդ խմբավորման անդամների հետ Կիեւի «Նացիոնալ» հյուրանոցում՝ Շչերբանի սպանությունից մի քանի ամիս առաջ։
Այսօր վկան հայտարարել է, որ սպանության պատվերն ստացվել է այն ժամանակ երկրի վարչապետ Պավել Լազարենկոյից եւ Տիմոշենկոյից։ Նրա խոսքով՝ «Կուշնիրն ասել է, որ Յույլան կվճարի, Պաշան տվել է հրամանը»։ Խոսքը մոտ 2 մլն դոլարի մասին է, ասել է նա։
Նշենք, որ եթե Տիմոշենկոյի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։




























