Սերբիայում բացահայտել են կառավարական օդանավի վրա հարձակվելու ծրագիր, որը կարող է ի կատար ածվել առաջիկայում:

Սակայն, հաշվի չառնելով ՆԳՆ-ի զգուշացումները, նախարարները թռիչքները չհետաձգելու որոշում են կայացրել:

Ըստ հատուկ ծառայությունների՝ որոշակի խմբավորումներ ցանկանում են ոչնչացնել կառավարական երկու ինքնաթիռներից մեկը՝ այն ժամանակ, երբ ներսում կլինի կամ երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, կամ վարչապետ, ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը, կամ էլ փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչը:

Radio Slobodna Evropa-ի հաղորդմամբ, ՆԳՆ-ում նշել են, որ եթե իրոք վթար տեղի ունենա, պատճառը դժվար կլինի պարզել, քանի որ ինքնաթիռը մաշված է եւ վերջին ժամանակներս հաճախ էր խափանվում:

Հավանական բոլոր «զոհերին» զգուշացումներ են ուղարկվել, գրում է Reuters-ը: Սակայն տեղեկությունները նրանց  չեն տպավորել:   Հայտնի է, որ Դաչիչը, նախազգուշացումը ստանալուց հետո Դուբլինից երեկոյան ինքնաթիռներից մեկով Բելգրադ էր վերադարձել, գրում է  NEWSru.com-ը:

Սերբիայի կառավարությունն ունի երկու օդանավ՝  32 տարվա Falcon 50-ը եւ 1991թ. արտադրության Learjet 31A-ն: Այժմ օգտագործվում է հիմնականում Falcon 50-ը: Վերջին տարիներին երկու ինքանթիռներում էլ բազմիցս խոշոր եւ մանր անսարքություններ են գրանցվել, որոնք երբեմն հանգեցրել են Սերբիայի առաջնորդների արտասահմանյան այցերի ձախողման: