Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան-Էստոնիա» պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Շարմազանովը գոհունակություն է հայտնել, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում եւ այդ փոխգործակցության ակտիվացման համար կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Նա տեղեկացրել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է հայ-էստոնական բարեկամական խումբ: Միաժամանակ նա նշել է, որ հրավիրել է իր էստոնացի գործընկերներին՝ այցելելու Հայաստան եւ համատեղ քննարկելու երկու խորհրդարանների համագործակցության հեռանկարները:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա եւ Էստոնիա, ինչը լավ հիմքեր կստեղծի հայ-էստոնական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացման համար:
ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: Նա տեղեկացրել է, որ մայիսի 1-5-ին նախատեսվում է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը Երեւան: Գարնանը Հայաստան կայցելի նաեւ Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
Անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրմանն ուղղված Հայաստանի քայլերին՝ դեսպանն արձանագրել է, որ այդ բանակցություններում Հայաստանը Վրաստանի եւ Մոլդովայի հետ առաջամարտիկներից է, ինչը Էստոնիայի իշխանությունները ողջունում են եւ պատրաստակամություն հայտնում աջակցելու այդ գործընթացների էլ ավելի զարգացմանը: Նա առաջարկել է օգտվել Էստոնիայում գործող արեւելյան գործընկերության կենտրոնի ընձեռած հնարավորությունից: Կենտրոնը հայ գործընկերներին օգտակար կարող է լինել փորձի փոխանակության, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ասպարեզներում:
ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի՝ համակարգային ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերը ինքնանպատակ չեն: «Այն միանգամայն բխում է մեր ժողովրդի շահերից ու մեր երկրի զարգացման հեռանկարից», - ասել է Շարմազանովը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման եւ խնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծմանն աջակցելու համար՝ նշելով, որ ԼՂՀ ապագան պետք է որոշեն արցախցիները:
Դեսպանն իր հերթին վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին՝ հավաստիացնելով, որ երկրի իշխանություններն անում են առավելագույնը ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար՝ շատ լավ հասկանալով, որ այն լինելու է երկրում անշրջելի ժողովրդավարության կարեւորագույն պայմաններից մեկը:




























