Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատանքները վերսկսելու հետ կապված խորհրդարանական ընդդիմությունն ու մեծամասնությունը հերթական անգամ չեն կարողացել համաձայնության գալ: Այս մասին հայտնել է «Ռեգիոննների կուսակցության» խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովը:

Նրա խոսքով` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը առաջարկել է հուշագիր ստորագրել, որտեղ պետք է համաձայնեցվեն բոլոր վիճելի հարցերը, սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել:

Ընդդիմությունը շարունակում է առաջարկել գործի դնել Ռադայի նոր համակարգը, որը կապահովի անհատական քվեարկություն: Եֆրեմովը հիշեցրել է, որ Վիկտոր Յանուկովիչը կարող է ցրել Գերագույն ռադան, եթե ընդդիմության կողմից ամբիոնի արգելափակումը շարունակվի 30 օր:

«ՈւԴԱՌ»-ի ղեկավար Վիտալի Կլիչկոն սրան պատասխանել է, հայտարարելով, որ «ռեգիոնականներն» իրենց սպառնում են նոր ընտրություններով: Իսկ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը նախազգուշացրել է, որ այդ դեպքում ընդդիմությունը կպահանջի ոչ միայն արտահերթ խորհրդարանական, այլ նաեւ նախագահական նոր ընտրություններ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի ամբիոնն արգելափակված է փետրվարի 5-ից: