NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «BBC»-ի կովկասյան թղթակից Դեմիեն Մաքգինեսի հոդվածը, որը հրապարկվել է «BBC»-ի կայքում.
Նրա գրքերը հրապարկավ այրվել են: Նա զրկվել է իր ազգային գրական մրցանակներից, իսկ բարձրաստիճան ադրբեջանցի քաղաքական գործիչը 13 հազար դոլար է խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջը: Բայց 75-ամյա Աքրամ Այլիսլին, Ադրբեջանի ամենահայտնի գրողներից մեկը, չի ափսոսում, որ գրել է իր «Քարե երազները»:
Գիրքը ցնցել է շատ ադրբեջանցիների: Սակայն կարող է արդյոք այն առաջին նախնական քայլը լինել երկրի թշնամու` Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին: «Ես գիտեի, ինչ եմ գրում: Նրանք ասում են, թե ես վիրավորել եմ ազգին, իսկ ես կարծում եմ `ընդհակառակը: Ես կարող էի կռահել, որ կլինեն դժգոհություններ: Սակայն երբեք չէի կարող կանխատեսել այս բոլոր սարսափները, ինչպես գրողին սպանելու կոչերն են ու նրա գրքերն այրելը: Շատ ցավալի է, որ մեր ազգն այսպես նվաստացնում է իրեն: Երկիրը, որն այրում է գրքեր, չի կարող հարգանքի արժանանալ աշխարհի կողմից»,- «BBC»-ին ասել է գրողը:
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ գրողի նկատմամբ այս հալածանքով իշխանությունները փորձում են բնակչության ուշադրությունը շեղել հակակառավարական հուզումներից, որոնք երկրում թափ են առել հունվարին: «Կառավարության համար դա սովորական քայլ է` գտնել ընդհանուր թշնամու եւ համախմբվել նրա շուրջը: Եւ առաջին անգամ չէ, որ խոսքի ազտությունը գրոհի տակ է հայտնվում»,-ասել է «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ Գեորգի Գոգիյան:
Ադբեջանի կառավարությանը քննադատող առնվազն հինգ լրագրող ներկայումս ճաղերի ետեւում են, իսկ իրավապաշտպանները հայտարարում են կեղծ մեղադրանքների մասին: Հունվարին երկու ընդդիմադիր գործիչներ, որոնցից մեկը մտադիր է առաջադրվել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, ձերբակալվել են` հակակառավարական բողոքի ցույցերի կազմակերպման համար: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց կսպառնա տարիների ազատազրկում:
Խոսքի ազատության ճնշումները միայն քաղաքական այլակարծությունը չեն ճնշում: Մտավախություն կա, որ դա կարող է վնասել Հայաստանի հետ երբեւէ խաղաղություն կնքելու Ադրբեջանի շանսերը: «Այդ գիրքը փորձում է լուծել հարցը, որը պետք է քննարկել հանրության շրջանում»,-ասում է Գոգիյան, ով կարծում է, որ Այլիսլին խիզախություն է դրսեւորել` լինելով առաջին ադրբեջանական գրողը, ով կարեկցել է մյուս կողմի զոհերին:
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում եւ Հայաստանում պատմական պատումներում չեն կենտրոնացել մյուս կողմի ապրած ողբերգության վրա: «Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն բարության օգնությամբ, ոչ թե ցասման: Ցասմամբ դուք երբեք չեք կարող լուծել այդ խնդիրը»,-ասել է Այլիսլին:




























