ԿԺԴՀ-ում փետրվարի 16-ին երկրի գլխավոր տոնն է` Կիմ Չեն Իրի ծննդյան օրը, որին այնտեղ անվանում են «մտքի եւ տեսության, արարումի եւ կառուցման հանճար, մեծ ղեկավար եւ հրամանատար»: Առավոտից սկսած Փհենյանի բնակիչները եւ հյուրերը ծաղիկներ են դնում երկիրը 17 տարի կառավարած սոնգունյան Կորեայի նախկին առաջնորդի հուշարձանների եւ դիմանկարների մոտ:

Տոնական տեսք ստացած Փհենյանում համերգներ եւ գեղարվեստական մարմնամարզության զանգվածային միջոցառումներ են տեղի ունեցել արտասահմանյան մարզիկների մասնակցությամբ, այդ թվում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից եւ Կանադայից, «Պեկտուսան» մրցանակին արժանանալու համար գեղասահորդների մրցույթ է տեղի ունեցել. Մրցանակն այն լեռան անունով է, որի ստորոտին 1942թ. ծնվել էր Կիմ Չեն Իրը:

Տոնի առիթով Կիմ Չեն Ընը Փհենյանի մոր եւ մանկան տանը մեղրի մեծ խմբաքանակ է նվիրել: Միաժամանակ կարգադրել է Դեղին ծովի հեռավոր կղզիներում ապրող երեխաներին ուղղաթիռներով նվերներ տանել:

Առավել աչքի ընկած զինվորականներին, կուսակցության անդամներին, աշխատողներին եւ  արհմիությունների ներկայացուցիչներին «Կիմ Չեն Իր» գրությամբ ձեռքի ժամացույցներ, նրա թեւավոր արտահայտությունների ժողովածու, գերազանց աշխատանքի շքանշաններ են նվիրել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։