Կիպրոսը նախագահական ընտրությունների է պատրաստվում. քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 17-ին, իսկ փետրվարի 15-ի երեկոյան հեռացող նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը դիմել է համաքաղաքացիներին՝ հայտարարելով, որ իր պաշտոնը լքում է «գլուխը բարձր»: Նոր ընտրություններին մասնակցելուց նա հրաժարվել է:
Խրիստոֆիասն ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել իրագործել նախընտրական գլխավոր խոստումը, չի կարողացել հասնել «իր կյանքի նպատակին` Կիպրոսի հիմնախնդրի լուծմանը»: Հենց Կիպրոսի վերամիավորման գործընթացում առաջընթացի հասնելու խոստմամբ էլ 2008թ. ընտրություններին Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության առաջնորդ Խրիստոֆիասը հաղթել էր: Այն ժամանակ էլ նա հայտարարել էր, որ չի վերընտրվի խոստումը չկատարելու դեպքում: Իշխանության ղեկին գտնվելու ընթացքում կառավարության գլխավոր ձեռքբերումը եւ ժառանգությունը, ըստ Խրիստոֆիասի, բնական գազի հայտնաբերումը եւ գազի արդյունահանման ու արտահանման ենթակառույցի ստեղծումն է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հանրային կարծիքի հարցումները նախագահական ընտրություններում կանխատեսում են գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության 66-ամյա առաջնորդ, իրավաբան Նիկոս Անաստասիադիսի հաղթանակը: Իշխող կուսակցությունն առաջադրել է 45-ամյա Ստավրոս Մալասի թեկնածությունը: Մրցապայքարին մասնակցում է նաեւ նախկին արտգործնախարար Յորգոս Լիլիկասը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























