Գործընկերների դեմ որս հայտարարած Լոս Անջելեսի ոստիկանության նախկին աշխատակից Քրիստոֆեր Դորները, ըստ նախնական տվյալների, ինքնասպան է եղել: Այդ մասին հայտնել է Սան Բերնարդինո քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը, որտեղ հայտնաբերվել էր հանցագործի մարմինը, հաղորդում է vesti.ru-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սան Բերնարդինոյում Դորներին վնասազերծելու գործողություն էր իրագործվել:  SWAT խումբը կոտրել էր խրճիթի ապակիները, որտեղ  թաքնվում էր Դորները եւ արցունքաբեր գազ տարածել: Հանցագործին կոչ էին արել հանձնվել, ինչից հետո կրակոց էր հնչել: Խրճիթն այրվել էր, ոստիկանությունում հայտնել էին, որ բռնկումը պատահաբար է եղել, սակայն համացանցում գրոհի ժամանակ հատուկ նշանակության ջոկատայինների բանակցությունների  դրվագներ են հայտնվել, որոնցից պարզվել է, որ խրճիթը միտումնավոր են այրել:

Ավելի ուշ հրդեհված  խրճիթում այրված մարմին էին հայտնաբերել, փորձաքննությամբ հաստատվել էր, որ մարմինը պատկանում է Դորներին: