Չելյաբինսկի մարզում ընկած երկնաքարը եւ 2012 DA14 աստերոիդը ոչ մի կերպ կապված չեն։ Այդ մասին ասված է NASA-ի հատուկ հաղորդագրությունում, որը տեղադրված է գործակալության կայքում։
Համաձայն NASA-ի գիտնականների տվյալների՝ երկու երկնային մարմինների շարժման հետագծերը միանգամայն տարբեր են եղել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ երկու օբյեկտներն իրար հետ կապ չունեին։ Ռուսական երկնաքարը հյուսիսից հարավ է սուրացել, այնինչ DA14 աստերոիդը՝ հարավից հյուսիս, գործակալության հաղորդագրությունն է փոխանցում rbc-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Չելյաբինսկի, Տյումենի, Սվերդլովի, Կուրգանի մարզերի, Ղազախստանի եւ Բաշկիրիայի բնակիչները երկնքում հզոր պայթյուն էին նկատել: Ըստ Եկատերինբուրգի աստղադիտարանի` երկրի մոտով աստերոիդ էր սուրացել: Այլ գիտնականներ էլ հայտնել էին, որ Չելյաբինսկի երկնքում բոլիդ է պայթել:
2012 DA14 աստերոիդը փետրվարի 15-ի ուշ երեկոյան անցել է Երկրին ամենամոտ կետից եւ արդեն հեռանում է։ Մեր մոլորակից աստերոիդի նվազագույն հեռավորությունն արձանագրվել էր Երեւանի ժամանակով ժ. 23:25-ին։ Հեռավորությունը կազմել էր 27,7 հազ. կմ՝ արհեստական արբանյակներից ավելի մոտ։ Մեկ տարի առաջ իսպանացի աստղագետների հայտնաբերած 2012 DA14 աստերոիդի զանգվածը 130 հազ. տոննա է, շարժման արագությունը՝ 28,1 հազ կմ/ժ (7,82 կմ/վրկ)։
Չեյաբինսկում ընկած երկնաքարի մասին հաղորդվելուց հետո շատ փորձագետներ ենթադրել էին, որ երկնաքարն ուղեկցում էր մոտեցող աստերոիդին, քանի որ աստղագիտական երկու խոշոր, իրարից անկախ իրադարձությունները մեկ օրում քիչ հավանական են։




























