Carnival Triumph ամերիկյան զբոսանավի ուղեւորուհիներից մեկը Carnival Corp.նավի օպերատոր ընկերության դեմ հայց է ներկայացրել իրենց հասցված ֆիզիկական եւ բարոյական վնասի համար։
Տեքսաս նահանգի բնակչուհի Քեսի Թերրին օպերատոր ընկերությանը մեղադրել է սանիտարական պայմանները խախտելու մեջ եւ հայտարարել, որ տրամադրված նավը պիտանի չի եղել ծովային զբոսանքի համար։ Թերրիի հայցում ասված է, որ Triumph գծանավի տախտակամածին ինքը «կորցրել է կյանքի հաճույքի զգացողությունը»: Ուղեւորուհին ստիպված է եղել քայլել մարդկային արտաթորանքների վրայով, ասված է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին։
Հիշեցնենք, որ Carnival Triumph նավը, որի տախտակամածին եղել է 3,143 հազար ուղեւոր եւ անձնակազմի 1,086 հազար անդամ, փետրվարի 7-ին դուրս է եկել Հալվեսթոն նավահանգստից (Տեքսաս նահանգ) եւ պետք է վերադառնար փետրվարի 11-ին։ Գծանավի մեքենայական բաժնում տեղի ունեցած հրդեհի պատճառով վնասվել էր շարժիչը։ Մեքսիկական ծոցում մի քանի օր դրեյֆից հետո փետրվարի 15-ին բուքսիրների օգնությամբ նավը հասցվել էր Մոբիլ նավահանգիստ։
Նավի տախտակամածին մի քանի օր չեն գործել արտաքնոցները, եւ ուղեւորները ստիպված են եղել դրանց փոխարեն օգտագործել լողախցիկներն ու պլաստիկ տոպրակներ։ Ուղղաթիռներից նավ շպրտված պատրաստի նախուտեստների համար հսկայական հերթեր են գոյացել։
Ինչպես գրում է «Վեստի.ռու»-ն, այս պատմությունից Carnival ընկերության սեփականատիրոջը մաքուր դուրս գալն ավելի դժվար կլինի։ Սա նրա նավատորմի հետ պատահած ամենեւին էլ առաջին աղմկալի դեպքը չէ։ Ամենաողբերգական դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Costa Concordia գծանավը, որը բախվել էր ժայռերին եւ արդյունքում զոհվել էր 32 մարդ, նույն Carnival ընկերության դուստր ձեռնարկությունն էր։




























