Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 14-ին հանդիպել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ որպես ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Նա նշեց, որ հանդիպումը գաղտնի չի եղել, դրան մասնակցել են նաեւ շտաբի պետի տեղակալներ Արմեն Գեւորգյանը, Դավիթ Հարությունյանը: ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են նախընտրական գործընթացներ, շտաբի աշխատանքներ եւ այլն:
Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Թուֆենկյան համալիրում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:«Բայց այդ հանդիպումն ուշագրավ է այն առումով, որ ԱՄՆ դեսպանատունը, նույնն է՝ թե Ամերիկան, առանձնապես չի ընդունում Հ.Աբրահամյանին որպես ԱԺ նախագահ եւ նրան համարում է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը:
Ժամանակին WikiLeaks կայքը ՀՀ այլ պաշտոնյաների հետ միասին նաեւ Հ. Աբրահամյանին է անդրադարձել՝ հարկավ ոչ դրական լույսի ներքո:
Ուշագրավ է, որ ոչ ԱԺ-ից, ոչ ԱՄՆ դեսպանատնից Հ. Աբրահամյանի ու Ջ. Հեֆերնի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Եվ չի բացառվում, որ սա նրանց առաջին հանդիպումը լինի»,- գրել է «Ժամանակը»:




























