Փետրվարի 18-ին ՀԱՀ-ում Anglo American Platinum ընկերությանը պատկանող, աշխարհում խոշորագույն պլատին արտադրող հանքում անկարգությունների հետեւանքով զոհվել է հինգ մարդ:

Ըստ տեղական հեռուստատեսության` Սիֆումելելեի հանքի պահակները ստիպված են եղել հրազեն կիրառել աշխատողների դեմ այն բանից հետո, երբ օբյեկտի մոտ հակամարտող արհմիութենական խմբավորումների միջեւ ընդհարումներ են սկսվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ ՀԱՀ-ի տարբեր լեռնարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ղեկավարությունների եւ հանքափորների միջեւ հակամարտությունները սկսվել են դեռ անցյալ տարվա օգոստոսին: Այդ ժամանակ Յոհանեսբուրգից  100 կիլոմետր հեռու անկարգություններ են սկսվել: Իրադարձությանը միջամտել է ոստիկանությունը, որը ցուցարարների դեմ հրազեն է կիրառել:

Բողոքողներին հաջողվել է խլել ոստիկանության աշխատակիցների զենքերը, որից հետո հակամարտությունն ավելի դաժան բնույթ է ստացել: Ընդհարումների հետեւանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների երկու աշխատակից: