Փետրվարի 19-ին Եվրամիության SALTO EECA ռեսուրսային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող եվրոպական 20 երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Վանաձոր: Համահայկական երիտասարդական մայրաքաղաքում «Լոռեցիների միավորման» օժանդակությամբ կայացել է հանդիպում տեղի երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հետագա համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, Վանաձորի, որպես համահայկական երիտասարդական մայրաքաղաքի, հանրահռչակումը:

Բացման խոսքով հանդես է եկել ԵՄ SALTO EECA (Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսային կենտրոն) համակարգող Թոմաշ Շոփան (Լեհաստան) եւ «Լոռեցիներ միավորում» բհկ նախագահ Մենուա Բրուտյանը:

Հյուրերը հետաքրքրված էին նոր ծանոթություններով ու տեղի երիտասարդական կառույցների շրջանում հնարավոր գործընկերներ գտնելով: «Սույն այցելությամբ մենք ճանաչում ենք Վանաձորը որպես երիտասարդական մայրաքաղաք եւ փորձելու ենք միջազգաին երիտասարդական ծրագրերով հարստացնել Հայաստանի երրորդ քաղաքի առօրյան», - նշել է Դանիայի երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչ Մարիա Լարսենը:

Միջոցառման վերջում մասնակիցներին անակնկալ է մատուցել ՎՊՄԻ ուսանող Լիլիթ Համբարյանը` դուդուկով կատարելով «Դլե յամանը»:

Նախորդ օրը եվրոպացի հյուրերը եղել էին Երեւանում, հանդիպել երիտասարդական կառույցների ղեկավարների հետ, իսկ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկայացրել էր Հայաստանում վարվող երիտասարդական քաղաքականությունն ու հիմնական կառույցները: