Բելգիական մամուլը պարզել է Բրյուսելի միջազգային օդանավակայանում «ալմաստե» կողոպուտի սկանդալային մանրամասները:
Պարզվել է, որ, հակառակ նախկինում ստացված տեղեկությունների, կողոպտիչներն անցք չէին բացել օդանավակայանի արտաքին պատնեշին, այլ տարածք էին մտել բաց դարպասներով:
Եթե հաստատվի, որ գողության օրը օդանավակայանի անվտանգությունը պատշաճ կերպով չի ապահովվել, Brussels Airport-ը ստիպված կլինի տուժածներին փոխհատուցում վճարել: Ըստ լրատվամիջոցների տեղեկության՝ կողոպուտի պահին օդանավակայանի տարածքի անվտանգությունն ապահովել են ընդամենը ութ հսկիչներ, որոնցից չորսը մասնակցում էին Խորվաթիայի նախագահին դիմավորելու աշխատանքներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկյան Brink`s ընկերությունը, որի բեռնատարն էր օդանավակայան բերել ալմաստները, ավելի վաղ հայտնել էր, որ տուժած հաճախորդներին փոխհատուցում կվճարի: Մինչդեռ ինկասատորներին սպասարկող ապահովագրական գործակալությունը կարող է հայց ներկայացնել օդանավակայանի ղեկավարությանը՝ անվտանգության անբավարար միջոցների համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ տեղական ժամանակով երեկոյան ժ. 20:00-ին, ոստիկանների համազգեստներով եւ ազդանշաններով երկու բեռնատարներով ութ հանցագործներ հանկարծ հայտնվել են Բրյուսելի օդանավակայանի բեռնաթափման տարածքում եւ մոտեցել Swiss ավիաընկերության օդանավին, որտեղից Brink`s ինկասատոր ընկերության աշխատակիցները բեռնաթափում էին չհղկված ալմաստների խոշոր խմբաքանակը: Ինքնաձիգներով զինված կողոպտիչները գողացել էին 50 միլիոն դոլար արժողությամբ 10 կգ ալմաստ: Կողոպուտի ընթացքում ոչ ոք չէր տուժել: Ոստիկանությունը չի կարողացել բռնել գողերին, հանցագործներին փնտրում են:




























