Մարդկությունը տիեզերական սպառնալիքներին կարող է դիմակայել միայն ջանքերը համատեղելով, ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը բրազիլական Globo թերթի հետ հարցազրույցում։

 «Մարդկային քաղաքակրթությունն ինքնավստահ է։ Մենք կարծում ենք, թե հիանալի մեքենաներ, գեղեցիկ շենքեր ենք ստեղծում, զենքեր արտադրում, եւ, ընդհանուր առմամբ, զարգանում։ Միաժամանակ պարզվում է, որ մենք միանգամայն խոցելի ենք»,- Ուրալում ընկած երկնաքարի հետ կապված իրավիճակն է մեկնաբանել ՌԴ վարչապետը։

«Մենք ապրում ենք տիեզերքում, եւ տիեզերքը կարող է տարբեր անակնկալներ մատուցել։ Սա նաեւ դաս էր… Ավելորդ հիշեցում էր այն մասին, որ մարդկության դեմ սպառնալիքներին մենք կարող ենք դիմակայել միայն համատեղ», - նշել է Մեդվեդեւը՝ հավելելով, որ բնության ուժերին կարելի է հակադրել «փողը եւ համատեղ աշխատանքը»։

Չելյաբինսկի մարզում երկնաքարն ընկել էր փետրվարի 15-ի առավոտյան։ Ավելի քան 1500 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել։ Տուժել էին նաեւ բազմաթիվ շենքեր։