Ռուսական անձնագրով ֆրանսիացի Ժերար Դեպարդիեն մշտական գրանցում կստանա Սարանսկում։ Բնակարանը, որտեղ գրանցելու են ֆրանսիացուն, գտնվում է Սարանսկի նորակառույց շենքերից մեկում։

Ըստ Մորդովիայի կառավարության աղբյուրի տվյալների՝  Դեպարդիեին կգրանցեն դերասանի վաղեմի ընկեր, «Գոսֆիլմոֆոնդ»-ի տնօրեն Նիկոլայ Բորոդաչյովի հարազատների բնակարանում։ «Դեպարդիեն այդ բնակարանի սեփականատերը չէ, նա պարզապես  կգրանցվի այնտեղ։ Բնակիչների համաձայնությունը ստացվել է», - պարզաբանել է աղբյուրը։ Դեպարդիեի՝գրանցում ստանալու արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ ուգրո-ֆիննական ժողովուրդների Պովոլժսկի մշակույթի կենտրոնում,  հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջին ալիքը հաղորդում է, որ Ժերար Դեպարդիեն Մոսկվա է ժամանել։ Մայրաքաղաքում դերասանը միայն մեկ օր կմնա, որից հետո կուղեւորվի Սարանսկ։ 

Դեպարդիեն Մորդովիայի մայրաքաղաք էր այցելել դեռեւս հունվարին։  Այն ժամանակ հանրապետության ղեկավար Վլադիմիր Վոլկովը դերասանին կատակով առաջարկել էր դառնալ Մորդովիայի մշակույթի նախարար։ Դեպարդիեն հրաժարվել էր եւ հայտնել, որ երջանկության համար իրեն անհրաժեշտ է միայն «մորդովական գյուղական տուն լճակի հարեւանությամբ։ Նաեւ հողորդվել էր, որ Դեպարդիեի համար մեծ տուն են կառուցում, սակայն ոչ թե Մորդովայում, այլ Մոսկվայի մարզի Բելիե Ստոլբի ավանում, որտեղ գտնվում է «Գոսֆիլմոֆոնդը»։