Լեհաստանը ուժեր է կենտրոնացրել Կալինինգրադի մարզի հետ սահմանին՝ դիվերսիաների դեմ պայքարի գործողություն իրականացնելու համար, RMF FM-ի եթերում հայտնել է հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի վերջին իշխանությունները Ռազմական հետախուզության ծառայությունից և դաշնակից երկրների համանման գերատեսչություններից նախազգուշացումներ են ստացել Ռուսաստանի կողմից հնարավոր սադրանքների, այդ թվում՝ զինված խմբերի ներթափանցման փորձերի մասին։ Այդ կապակցությամբ որոշվել է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։
Գործողությունն ընդգրկում է Վարմիա-Մազուրյան և Պոդլյասկի վոյևոդությունները։ Այն իրականացնում է ոստիկանությունը՝ բանակի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Մասնավորապես, սահմանամերձ շրջաններ են ուղարկվել ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումներ։ Գործողությունները համակարգելու համար ոստիկանության գլխավոր վարչությունում հատուկ շտաբ է ստեղծվել։
«Սա անմիջականորեն կապված է մեր երկրում տեղի ունեցող դիվերսիաների և սաբոտաժի գործողությունների, ինչպես նաև արևելյան հատուկ ծառայությունների հիբրիդային հանցավոր գործողությունների հետ… Մենք պետք է սահմանամերձ շրջանների բնակիչներին և այնտեղ գտնվող օբյեկտները պաշտպանենք ցանկացած իրավիճակից, որը կարող է սպառնալիք ներկայացնել», — ընդգծել է Բորոնը։
Զուգահեռաբար Լեհաստանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Այդ նպատակով մինչև 2026 թվականի վերջը կստեղծվի Վարմիա-Մազուրյան բրիգադը, որի հիմնական խնդիրը կլինի սահմանի պաշտպանությունը ռուսական հնարավոր ներխուժման դեպքում։
Տարածքային պաշտպանության բրիգադի հրամանատար Ցեզարի Կիշկովյակը պարզաբանել է, որ ստորաբաժանումը կհետևի Սուվալկի միջանցքի մերձակայքում տիրող իրավիճակին։ Այն լեհ-լիտվական սահմանի՝ ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, 100 կմ-ից փոքր-ինչ ավելի երկարությամբ հատված է։ Այն Բալթյան երկրները կապում է Դաշինքի մնացած տարածքի հետ և միաժամանակ Բելառուսը բաժանում Կալինինգրադի մարզից։ Սպասվում է, որ նոր բրիգադը լիակատար մարտական պատրաստվածության կհասնի երկու տարվա ընթացքում։ Այժմ ընթանում է դրա կազմում ընդգրկվելիք զինծառայողների վերազինումը։
Հոկտեմբերի 7-ին Լիտվան զինվորականներ է ուղարկել Կալինինգրադի մարզի հետ սահման։ Իշխանությունները պարզաբանել են, որ դա արվել է «Ռուսաստանում հնարավոր զորահավաքի կապակցությամբ ագրեսիվ տրամադրված օտարերկրացիների հոսքի» ավելացման վտանգի պատճառով։ Որոշումն ընդունվել է Բելառուսի հետ Լատվիայի սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ 20 մարդ զինված անձանց ուղեկցությամբ փորձել էր ապօրինի ներթափանցել Եվրամիություն։ Լիտվական լրացուցիչ ուժերը Կալինինգրադի մարզի մերձակայքում կմնան առնվազն մինչև նոյեմբերի կեսը։





























