Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը (Ջոնիկ Աբրահամյան) եւ Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը հերքում են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իրենց մեջ միջադեպ է գրանցվել եւ Հենրիկ Աբրահամյանը ծեծել է քաղաքապետին:
Հենրիկ Աբրահամյանը, լսելով, որ իրեն NEWS.am լրատվական գործակալությունից են անհանգստացնում, նախ հարցրեց, թե «ինչ է եղել», ապա նշեց, որ Ֆրանսիայում է եւ իրեն չանհանգստացնենք: Ի պատասխան մեր հարցի, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ծեծել է Արտաշատի քաղաքապետին, նա այսպես պատասխանեց. «Հայերեն չե՞ս հասկանում, էդ ո՞վ ա տվել քեզ էդ համարը: Ասում եմ, Ֆրանսիայում եմ գտնվում, ինչի՞ մասին ես խոսում, կարո՞ղ ա հիվանդ եք արա դուք, իյա, գնացեք աերոպորտից իմացեք, ես 15 օր ստեղ եմ, ինչ քաղաքապետ, ինչ ընտրություն»:
Անդրադառնալով միջադեպի մասին տարածված տեղեկություններին` Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դրանք հերյուրանքներ են, նման բան չի կարող անել: «Մեզ մոտ նորմալ ընտրություններ են անցել, նախագահը բավականին բարձր ձայներ է ստացել, մեզ մոտ ոչ ընտրակաշառք է բաժանվել, ոչ էլ նման դեպք է եղել, մեր հարաբերությունները Ջոնիկ Աբրահամյանի հետ շատ ջերմ են»,- ասաց նա` հերքելով, որ ոչ մի նման դեպք չի եղել:
Քաղաքապետից հետաքրքրվեցինք նաեւ, թե վերջին անգամ ե՞րբ է տեսել Հենրիկ Աբրահամյանին, ինչին նա պատասխանեց, որ նրան տեսել է հենց ընտրությունների օրը` փետրվարի 18-ին, զրուցել են, չեն վիճել, «շատ ջերմ հարաբերություններ է իրենց մեջ», իսկ ընտրություններից հետո չի էլ հանդիպել, հեռախոսով են շփվել:
Ստացվում է, որ Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանն ընտրությունների օրը հանդիպել է Ջոնիկ Աբրահամյանին, այնինչ վերջինս պնդում է, որ այդ օրը Ֆրանսիայում է եղել: Փաստորեն նրանցից առնվազն մեկը, մեղմ ասած, ճիշտ չի ասում:
Նշենք, որ Lragir.am-ը գրել էր, թե ըստ տեղեկությունների, երեկ ԱԺ նախագահ եւ Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, ծեծել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին:




























