Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ և ուսման պայմանների բարելավման պահանջով անցկացված բողոքի ակցիաների ընթացքում վիրավորված առնվազն 18 անձանց փաստաբանները մտադիր են ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի դեմ բողոք ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության դատարան։

Ինչպես հաղորդում է Le Monde-ը, փաստաբաններն այդ մասին հայտարարել են ուրբաթ օրը։ Հանրապետության արդարադատության դատարանը Ֆրանսիայում միակ դատական ատյանն է, որն իրավասու է քննելու կառավարության անդամների՝ պաշտոնեական պարտականությունները կատարելիս թույլ տված իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Փաստաբանների խոսքով՝ իրենց վստահորդներից շուրջ տասն արդեն համաձայնել են միանալ կոլեկտիվ բողոքին։ Հնարավոր մեղադրանքների թվում են հաշմանդամության հանգեցրած մարմնական վնասվածքներ դիտավորությամբ պատճառելը, ինչպես նաև նման գործողությունների դրդելը։

Փաստաբան Էլզա Մարսելը նշել է, որ տուժածների գործերը նախապատրաստման տարբեր փուլերում են։ Նա ներկայացնում է այն դեռահասի շահերը, որը Վալ-դ’Ուազ դեպարտամենտի Սեն-Ուեն-լ’Օմոն համայնքի լիցեյի առջև արցունքաբեր գազի նռնակի արձակման հետևանքով ծնոտի ծանր վնասվածք է ստացել։