Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի անձնական տվյալները հրապարակվել են դարքնեթում, իսկ նա և նրա ընտանիքը ենթարկվել են սպառնալիքների ու ահաբեկման, հաղորդում է Associated Press-ը։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին տվյալների արտահոսքը կապել է ռուսամետ հաքերների գործունեության հետ։
Տայանին միջադեպի մասին հայտնել է սոցիալական ցանցերում։ Նրա խոսքով՝ կիբերհանցագործներն արդեն մի քանի օր է՝ տարածում են իր անձնական տվյալները և փորձում լրացուցիչ տեղեկություններ ստանալ իր ու իր մերձավորների մասին՝ պատրաստ լինելով վճարել դրանց համար։
Մելոնին իր համերաշխությունն է հայտնել ԱԳ նախարարին և իշխանության ներկայացուցիչների մասին գաղտնի տեղեկություններ վաճառելու փորձերը համարել լուրջ մտահոգության առիթ։ Նա կոչ է արել վճռականորեն հակազդել նման գործողություններին։
Տայանին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տվյալներ են հայտնվել համացանցում, և չի նշել հարձակման ենթադրյալ կազմակերպիչներին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ ահաբեկմանը, և խոստացել է ամրապնդել համագործակցությունը՝ Իտալիան կիբերսպառնալիքներից պաշտպանելու համար։




























