Փետրվարի 18-ին Հայաստանի քաղաքացիները ընտրեցին ազատության ճանապարհը` մեր հայրենիքի բոլոր ազատ հրապարակները: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` Սերժ Սարգսյանին ուղղված ելույթում:
Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Հարգելի’ Սերժ Սարգսյան, ես իմ էությամբ պաշտպան եմ, սակայն այսօր ստիպված եմ Ձեզ մեղադրանք առաջադրել Ձեր կողմից կատարված հանցագործության վերաբերյալ, որով Դուք փետրվարի 18-ի ընտրություններում խփեցիք 58 տոկոս: Այդ 58 տոկոսը Դուք խփեցիք ավազակությամբ, կողոպուտով եւ գողությամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են: Քրեորեն հետապնդելի արարաքներ թույլ տալու հետեւանքով էլ հայտնվեցիք Բաղրամյան 26 բանտախցում, ինչն էլ պատճառ հանդիսացավ Ձեր իսկ կողմից ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի տապալմանը:
Բոլորիս համար էլ պարզ եւ հասկանալի է, որ ազատության հրապարակը խփողների համար հանրահավաք անցկացնելու վայր չէ, որ խփողները վախկոտ են եւ նրանց համար ազատ տարածությունը վտանգավոր է, նրանք կարող են իրենց անվտանգ զգալ ճաղավանդակներով պաշտպանված տարածքներում: Խփելու հետեւանքով Դուք կրկին հայտնվեցիք փակ տարածքում:
Փետրվարի 18-ին Հայաստանի քաղաքացիները ընտրեցին ազատության ճանապարհը` մեր հայրենիքի բոլոր ազատ հրապարակները: Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը իրագործեց Հայկական մեծ հեղափոխությունը եւ մեր մեջ կուտակված հազարամյակների ազատության եւ քաղաքակրթության ներուժը կյանքի է կոչելու դեպի Արարատ վերադարձի` հայ ժողովրդին պատկանող ճանապարհը:
Մենք չենք խփում, մենք կյանք ենք տալիս:
Մենք չենք սակարկում, մենք սիրում ենք ազատությունը եւ հայրենիքը:
Մենք չենք հանձնում, մենք ազատագրում ենք:
Մենք չենք փակվում, մենք ազատ տեղաշարժվում ենք:
Մենք չենք համակերպվում, մենք պատերազմում ենք:
Մենք տխուր չենք, մենք հպարտ ենք եւ իրավատեր:
Սերժ Սարգսյան, հորդորս Ձեզ, կրելով Ազատ հայրանունը, հարգե’ք անվան առաքելությունը:
Ընդունե’ք խփելու Ձեր մեղքը, համաներվե’ք ժողովրդի կողմից»:




























