Այսօր` փետրվարի 22-ին, Լոռիի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախ այցելել է Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, ծանոթացել վերակառուցված կրթական հաստատության պայմաններին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցի վերակառուցման համար ծախսվել է 405 մլն դրամ, որից 200 մլն դրամը ներդրվել է համայնքի կողմից, իսկ 205 մլն դրամը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով: Գույքի ձեռք բերման համար եւս 27 մլն դրամ է հատկացվել չորրորդ ծրագրով: Վերանորոգումից հետո այստեղ է տեղափոխվել նաեւ Վանաձորի Շ. Տալյանի անվան երաժշտական դպրոցը, որը մինչ այդ գործում էր տնակային պայմաններում: Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը ներկայումս ունի մոտ 450 սան:
Փոխվարչապետը գոհունակությամբ նշել է, որ երեխաներն արդեն հնարավորություն ունեն սովորելու բարեկարգ դպրոցում, որտեղ ստեղծված են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Նա հատկապես ողջունելի է համարել համայնքի մասնակցությունը դպրոցի վերանորոգման գործում` կարեւորելով համայնքային խնդիրները սեփական ուժերով լուծելու նախաձեռնությունը:
Ա. Գեւորգյանը Վանաձորի «Արգիշտի» հյուրանոցում ներկա է գտնվել նաեւ «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի հաշվետվության քննարկմանը: Հաշվետվությունը պատրաստվել է գերմանական «ERM GmbH» խորհրդատվական ընկերության կողմից, որն ուսումնասիրում է Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող ծրագրի կիրառելիությունը: Քննարկումների արդյունքում ընդհանուր մոտեցումներ կձեւավորվեն ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման փուլի գործողությունների վերաբերյալ:
Փոխվարչապետը նկատել է, որ ծրագրի իրականացումը կարեւոր նշանակություն կունենա թե Վանաձորի, թե հարակից համայնքների բնակչության համար` լուծելով հրատապ դարձած աղբահանության խնդիրը: Հաջող իրականացման դեպքում` ծրագիրը կարող է նաեւ օրինակելի մոդել դառնալ հանրապետության մի շարք այլ համայնքներում աղբահանության արդյունավետ կազմակերպման համար:
Վանաձորից փոխվարչապետը մեկնել է Ախթալա, որտեղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի, քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերանորոգված համայնքային կենտրոնում: Շենքի վերանորոգման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 37,7 մլն դրամ, որից 15 մլն դրամը` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով, 12,4 մլն դրամը` ԱՄՆ ՄԶԳ-ի, 10,3 մլն դրամը՝ համայնքի կողմից:
Փոխվարչապետը եղել է նաեւ «Ախթալայի առողջության կենտրոնի» շինհրապարակում, մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Բուժհաստատությունը վերակառուցվելու է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ներդրվելու է շուրջ 45 մլն դրամ, որի 5%-ը համաֆինանսավորելու է համայնքը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը:



























