40-ամյա Աբգար Շադոյանը հեռախոսազանգի միջոցով ծանոթանալով եւ ներկայանալով որպես կանադահայ բժիշկ 223000 դրամ գումար է հափշտակել Անի Թորոսյանից: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ  40-ամյա Աբգար Շադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսին հեռախոսազանգի միջոցով ծանոթացել է Անի Թորոսյանի հետ, ներկայացել որպես կանադահայ բժիշկ Տաթեւ Եպիսկոպոսյան եւ խոսել արեւմտահայերենով:Մի քանի հեռախոսազանգերի ընթացքում Ա.Շադոյանը մտերմացել է Ա.Թորոսյանի հետ եւ օգտվելով վերջինիս լավ վերաբերմունքից 2012թ. օգոստոսի 1-ին Երեւանի Ա.Մանուկյան փողոցում նրա վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, վերադարձնելու պայմանով Ա.Թորոսյանից հափշտակել է 163000 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար եւ 60000 ՀՀ դրամ:

Բացի այդ, նա 2012թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 23-ի սահմաններում Երեւան քաղաքի Շարուրի փողոցի 28/2 շենքի բակում, կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է` էլեկտրահարող սարքի գործադրմամբ ավազակային հարձակում է գործել իր ծանոթ Արա Ավետյանի նկատմամբ եւ պահանջել նրա մոտ եղած խոշոր չափերի` 1625000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումարը, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել եւ առաջացած փոխադարձ քաշքշուկի ընթացքում Ա.Ավետյանը ստացել է աջ դաստակի, աջ արմնկահոդի շրջանների քերծվածքների ձեւով, առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 1-ին մասով եւ 175 հոդվածի  2-րդ մասի  2,4 կետերով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական առաջին քննությունը նշանակվել է փետրվարի 25-ին: