Այսօր` փետրվարի 22-ին, հայտնի են դարձել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեկնարկած Kaspersky Laboratory ընկերության նախաձեռնությամբ անցկացվող IT Security for the Next Generation 2013 ուսանողական միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ» ընտրական փուլի երեք հաղթողները, ովքեր այս տարվա հունիսին կմեկնեն Լոնդոն՝ մասնակցելու եզրափակիչ փուլին: Նրանք կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական մյուս փուլերի հաղթողների հետ։

Ուսանողական կոնֆերանսի 14 մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր եւ հուշանվերներ:

Այսպիսով, մրցանակային երրորդ տեղը գրավեց Մաքսիմ Շուդրակը Կրասնոյարկսից, ում աշխատանքը որակվեց` որպես կիրառական արժեք ունեցող աշխատանք: Մրցանակային երկրորդ տեղը գրավեց ՀՊՃՀ մագիստրանտ Վլադիմիր Հովսեփյանը. ժյուրիի գնահատմամբ նրա աշխատանքն առանձնանում էր նորարարությամբ եւ յուրօրինակությամբ:  Իսկ մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի ասպիրանտ Վահրամ Դարբինյանը, ում աշխատանքը, որը վերաբերում էր DDoS հարձակումներին, ճանաչվեց լավագույնը 14 աշխատանքների մեջ:

Բացի գլխավոր մրցանակներից` խրախուսական մրցանակներ էին սահմանել նաեւ ճարտարագիտական համալսարանը. Մայքրոսոֆթ Արմենիա ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը եւ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

Կոնֆերանսի միջազգային փորձագետ, Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Ֆիլիպովիչը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին եւ նրանց գիտական ղեկավարներին` կարեւորելով նրանց դերը այսօրվա միջոցառման մեջ։ Նա ընդգծեց այն փաստը, որ կոնֆերանսի բոլոր մասնակիցների աշխատանքներում գիտական բաղադրիչը ցայտուն երեւում էր, ինչն էլ ավելի արժեքավոր էր դարձրել ուսանողական կոնֆերանսը:

Ըստ կոնֆերանսի փորձագետ, ՀՊՃՀ պրոֆեսոր Գեւորգ Մարգարովի` այսօրվա ամենակարեւոր անվանակարգը, որը նա պայմանականորեն անվանեց «Շարժում դեպի ապագա», շնորհվում է անխտիր բոլոր ներկաներին։ Նա շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին աննախադեպ միջոցառման համար եւ հույս հայտնեց, որ հետագայում ՀՊՃՀ-ն եւս մեծ պատրատակամությամբ իր հարկի տակ կընդունի “Kaspersky Laboratory” ընկերության հերթական կրթական ձեռնարկները եւ ակտիվորեն կմասնակցի դրանց կյանքի կոչմանը:

Եզրափակելով կոնֆերանսի «Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ» փուլը` “Kaspersky Laboratory” ընկերության Կրթական նախաձեռնությունների դեպարտամենտի ղեկավար Վենիամին Գինոդմանը նշեց, որ այս կոնֆերանսի ամենամեծ ձեռքբերումը, թերեւս, «մենք»-ի գիտակցումն էր եւ միասնականության գաղափարը, որը ուղեկցեց կոնֆերանսի բոլոր մասնակիցներին երկու օրերի ընթացքում:

ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի համագործակցությունը Kaspersky laboratory ընկերության հետ ունի 6 տարվա պատմություն: Ամբիոնն անդամակցում է նաեւ Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից եւ գործիքներից, ինչպես նաեւ ժամանակակից ուսումնական պաշարներից: