ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ շնորհավորելով նրան ազգային ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ եւ իր աջակցությունն արտահայտել ԼՂՀ միջազգային ճանաչման համար պայքարին։

Իր նամակում նա մասնավորապես նշել է. «Գրում եմ, որպեսզի շնորհավորեմ Ձեզ, ժողովրդին ու Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության կառավարությանն ազգային ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ։ Ղարաբաղի ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ազատության ու արժանապատվության կողմ եւ բռնակալության դեմ։

Արցախի ճանապարհին բազմաթիվ փորձություններ են եղել, եւ ձեր ժողովուրդը հրաժարվել է այդ դժվարություններին թույլ տալ կոտրել իր կամքն ու վճռականությունը։ Սումգայիթի ողբերգությունն ու բռնությունը, որ 25 տարի առաջ տեղի է ունեցել Ադրբեջանի մյուս քաղաքներում, ապացուցեցին Լեռնային Ղարաբաղի ընտրության արժանահավատությունը սուվերեն ժողվրդավարություն ստեղծելու ճանապարհով իր ժողովրդի յուրօրինակության պահպանման հարցում։

Իմ անկեղծ շնորհավորանքն ու հիացմունքն եմ արտահայտում հանրապետությանը, որ շարունակում է ջանքեր գործադրել կառավարման ժողովրդավարական համարկարգի ամրապնդման հարցում։ Ես նաեւ հաստատում եմ իմ հավատարմությունն Արցախի ժողովրդին աջակցելու դիրքերին՝ նրա միջազգային ճանաչման համար այքարում։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ազգերի միությունում»։