Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը Խորհրդային բանակի եւ Ռազմածովային նավատորմի ստեղծման 95-ամյակի կապակցությամբ ցույց է կազմակերպել։ Ժամը 11:00-ի սահմաններում Պուշկինի հրապարակից մեկնարկել է մասնակիցների երթը։ Նրանք հասել են մինչեւ Թատերական հրապարակ, որտեղ հանրահավաք է անցկացվել։

Ցույցին մասնակցել են ՌԴԿԿ Կենտկոմի ղեկավարներ, տարածաշրջանի եւ այլ երկրների կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչներ, ՌԴԿԿ XV գումարման պատվիրակներ եւ հյուրեր, կոմունիտներ եւ ձախ հայացքներ ունեցողներ։ Հրապարակում շուրջ 500 մարդ է հավաքված եղել, հայտնում է АН-online-ը։

Ցուցարարների կարգախոսներից են եղել՝ «Բանակ, եղիր ժողովրդի հետ։ Միասին կհաղթենք», «Երկիրը պաշտպանելու համար միջոցներ խնայելը հանցանք է», «Ո՛չ ՆԱՏՕ-ի հանցավոր ծրագրերին»։ Ցուցարարների պաստառներին եղել են նաեւ այլ կոչեր՝ «Իշխանությունը ժողովրդին, գույքը՝ աշխատավորներին», «Ո՛չ կապիտալիզմին», «Նոր ուղղություն Ռուսաստանին եւ նոր՝ հայրենասերների  կառավարություն»։