Մեզ մոտ ամեն անգամ պատմությունը կրկնվում է` ժողովուրդը արդարություն է պահանջում եւ փորձում է արդարության իր պահանջն իրականացնել այն մարդու միջոցով, ով պատրանք է ստեղծել, թե ուժեղ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, շարունակելով, թե այդ մարդկանց էլ թվում է, որ այդ «ուժը» կարող է իրենց արդարության պահանջը բավարարել եւ աչք են փակում նրա վրա, որ այդ «ուժն» ինքն էլ արդար չէ, ինքն էլ է խաբել ու խաբում:
«Ու քանի դեռ արդարություն ուզողները չեն հասկացել, որ իրական ուժը հենց ինքը` ճշմարտություն կոչվածն է, որի առաջ բոլոր մնացյալ «ուժերն» անզոր են, քանի դեռ պատրաստ են անտեսել իրենց նախընտրած «ուժի» սուտը` շարունակելու են մնալ այս անհուսության գարշահոտ տեղապտույտի պատանդը»,- գրել է Արման Մելիքյանը:
Վերջինս արձագանքելով NEWS.am-ի հարցին, թե խոսքը ո՞ւմ մասին է, Արման Մելիքյանը պատասխանեց. «Լրացուցիչ մեկնաբանության խնդիր չեմ տեսնում»: Դիտարկմանը, թե խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի՞ մասին է, նա ասաց. «Էդ դուք եք ասում: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ եւ անհրաժեշտ եմ գտել ասել: Մեկնաբանությունները թողնում եմ բոլորին: Մնացյալը արդեն ձեր խնդիրն է, եթե դա ձեզ հետաքրքրում է»:




























