Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան փետրվարի 23-ի ժամը 14.00-ի սահմաններում ներկայացել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն, որտեղ մտադիր էին նրան մեղադրանք ներկայացնել միջոցների յուրացման եւ փողերի լվացման համար։ Մի քանի հարյուր կողմնակիցներ եւ Միասնական ազգային շարժման ակտիվիստներ Ուգուլավային շենքի մուտքի մոտ ծափողջույններով են դիմավորել։
Այս պահին քաղաքապետը քննչական ծառայության շենքում է, որի դիմաց հերթապահում են նրա ընտանիքի անդամները, ընկերները, «Միասնական ազգային շարժման» առաջնորդները, կուսակցության պատգամավորներ եւ ակտիվիստներ, որոնք ցույց են կազմակերպել»՝Թբիլիսին Բիձինա Իվանիշվիլիին չենք զիջի» կարգախոսով։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը չի հայտնել՝ կկալանավորվի՞ Ուգուլավան մեղադրանքներ ներկայացվելուց հետո, թե՞ ոչ, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։
Քննչական ծառայության տվյալով՝ Ուգուլավան երկու դրվագներով է մեղադրվում՝ «Իմեդի» ընկերությանը տիրանալու եւ «Միասնական ազգային շարժման» անդամների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու։
Ուգուլավան ավելի վաղ «աբսուրդի գագաթնակետ» էր անվանել իր դեմ մեղադրանքները։ Նախօրեին նա փոխքաղաքապետ էր նշանակել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին։
«Գռուզիա-Օնլայնը» հայտնում է, որ Վրաստանի նախագահ ՄիխայիլՍահակաշվիլին Ուգուլավայի հետ կապված իրավիճակն անվանել է «պայքար իշխանության համար», իսկ վարչապետ Իվանիշվիլիին մեղադրել է Թբիլիսիի Ռիկա տարածքի հանդեպ հետաքրքրության համար՝ հավելելով, որ նախկինում դրանով մեկ այլ «ռուսաստանցի օլիգարխ» էր հետաքրքրված՝ Պատարկացիշվիլին։


























